Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար Ալի Լարիջանին ընդգծել է այն գործողությունների ճնշման անհրաժեշտությունը, որոնք սպառնալիք են ստեղծում անվտանգության համար և վնասում մարդկանց ու հանրային գույքը՝ երկրում վերջին օրերի անկարգությունների ֆոնին։

IRIB-ին տված հարցազրույցում Լարիջանին հայտարարել է, որ դատական իշխանությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի նրանց դեմ, ովքեր ստեղծում են անվտանգության սպառնալիք, սպանում մարդկանց և վնասում հանրային գույքը՝ մի շարք իրանական քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է տարբերակել բողոքի ցույցերը և զանգվածային անկարգությունները։

Լարիջանին նշել է․ «Մինչ որոշ մարդիկ օրինական բողոքի ցույցեր էին անցկացնում տնտեսական դժվարությունների դեմ, կործանարար և կազմակերպված հոսանքը խառնվեց, որպեսզի շեղի տնտեսական պահանջներից և բռնությւոն հրահրի»։

Ըստ նրա, հանցավոր գործունեությունը, ինչպիսիք են մարդկանց սպանությունները և հրկիզումները, շատ են հիշեցնում այն մեթոդները, որոնք օգտագործում են ահաբեկչական խմբավորումները, ինչպիսին՝ ԴԱԻՇ-ն է (ԻԳԻԼ)։ Նա նախազգուշացրել է, որ նման բռնի գործողությունները միայն կվնասեն հասարակությանը, կխախտեն անվտանգությունը և կհանգեցնեն հետագա տնտեսական ճգնաժամի։