ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Իրանին թիրախային հարվածներ հասցնելու և այնտեղ կիբերհարձակումներ իրականացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ նրանց տվյալների՝ հունվարի 13-ին Թրամփին կզեկուցվի Իրանում ստեղծված իրավիճակին արձագանքելու հնարավոր տարբերակների մասին։ «Թրամփին կառաջարկվի հնարավոր գործողությունների մի փաթեթ, որը ներառում է ամեն ինչ՝ թիրախային հարվածներից մինչև կիբերհարձակումների իրականացում»,- նշում է թերթը։ Ըստ հրապարակման՝ վարչակազմը հույս ունի խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից և ակնկալում է «սահմանափակվել Իրանի զինված ուժերի վրա ներգործությամբ»։

Թերթի աղբյուրները նշում են, որ առայժմ Թրամփը չի պլանավորում զորքեր ուղարկել Իրան։ Ըստ նրանց տվյալների՝ «վարչակազմում ոմանք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի կողմից նման գործողությունները կարող են սրել Մերձավոր Արևելքում առկա լարվածությունը»։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանում անկարգությունների մասնակիցներին «օգնության հասնելու» պատրաստակամության մասին։