Ահաբեկիչները կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների և խաղաղ քաղաքացիների ուղղությամբ՝ Իրանում խաղաղ բողոքի ակցիաները վերածելով զինված անկարգությունների։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Հունվարի 8-ից սկսած մենք բախվեցինք [բողոքի ակցիաների] նոր փուլի և հունվարի 8-ից 10-ը ցուցարարների շրջանում հայտնվեցին ահաբեկիչներ և զենք։ Ակնհայտ է, որ դա պլանավորված էր։ Բողոքի ցույցերը շեղվեցին իրենց նպատակից և վերածվեցին համատարած բռնության, արյունահեղության ու ջարդերի ողջ երկրում։ Ցուցարարների մեջ հայտնվեցին զինված տարրեր, որոնք կրակ բացեցին ոչ միայն ոստիկանների, այլև հասարակ մարդկանց վրա», - ասել է նա Թեհրանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Դիվանագետի խոսքով՝ մինչև հունվարի 8-ը կառավարությունն ու բիզնեսի ներկայացուցիչները հարթել էին հակասությունների մեծ մասը և բողոքի ակցիաների ակտիվությունը սկսել էր նվազել, սակայն հետո իրավիճակին միջամտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապված ահաբեկիչները։
Արաղչին հայտնել է, որ անկարգությունների մասնակիցները ողջ երկրում հրկիզել են 53 մզկիթ, նպատակաուղղված կրակել են իրավապահների ու քաղաքացիական անձանց վրա. «նույնիսկ չեն խնայել վիրավորներին և նրանց սպանել են մոտ հեռավորությունից արձակված կրակոցներով»։ Նա ընդգծել է, որ «ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է ինչպես մեզ, այնպես էլ բոլորի համար»։ «Իրանում իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության տակ», - հավաստիացրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքով՝ երկրում ինտերնետ կապը «շուտով կվերականգնվի՝ անվտանգության ծառայությունների հետ համակարգմամբ»։





























