Իրանի տարբեր նահանգներում զանգվածային կառավարամետ երթեր են տեղի ունենում՝ վերջին օրերին երկրում ծավալված բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իրանի պետական հեռուստատեսությունը կադրեր է հեռարձակում մի շարք քաղաքներում կազմակերպված երթերից՝ ի պաշտպանություն գործող իշխանությունների: Երթի մասնակիցների ձեռքին կան երկրի դրոշներ, հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներով պաստառներ, ինչպես նաև Իսլամական հեղափոխության հիմնադիր՝ երկրի առաջին գերագույն առաջնորդ իմամ Ռուհոլլահ Խոմեյնիի և հանրապետության ներկայիս ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի դիմանկարները:
Հեռարձակումները ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ հայրենասիրական երաժշտության ներքո անցնում քաղաքների գլխավոր փողոցներով և հետևելով առաջնորդողներին՝ վանկարկում կառավարամետ կարգախոսներ։ Պետական լրատվամիջոցները Telegram-ալիքներում հրապարակում են երթերի սկզբի ժամանակացույցը և մարդկանց կոչ անում միջոցառմանը ներկայանալ Ղուրանով։ Իրանի մայրաքաղաքում լայնամասշտաբ երթը կսկսվի տեղական ժամանակով ժամը 14-ին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակնօրյա ուղերձում խոստացել է ցուցարարներին շարունակել տնտեսական բարեփոխումները և լուծել առկա խնդիրները, ինչպես նաև ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է անկարգությունների կազմակերպման մեջ։ Նա մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց, որպեսզի թույլ չտան արմատականներին քաղաքացիների իրական պահանջները փոխարինել իրենցով։





























