Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, ոչ պաշտոնական տվյալներով, Բելառուսի քաղաքացի է դարձել: Բելառուսի ներքին գործերի նախարարությունում, սակայն, այդ տեղեկատվությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում են:
«ՌԻԱ Նովոստիի» հարցին ի պատասխան, երկրի իրավապահ մարմիններում նշել են, որ «Բակիեւը նշված է անձնագրերի տվյալների համապատասխան բազայում», իսկ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքացիության մասին տեղեկատվությունը գաղտնի է:
Ինչպես տեղեկացնում է Tut.bу բելառուսական կայքը, Բակիեւը բելառուսական անձնագիր ստացել է դեռեւս 2010թ.: Պարբերականը վստահեցնում է, որ Ղրղըզստանի նախկին նախագահը Մինսկի ծայրամասում 2 միլիոն դոլարով տուն է գնել:
Ղրղըզստանից փախչելուց հետո Բակիեւը բնակվել է Բելառուսում` կառավարական բնակատեղիներից մեկում:
Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլին Ղրղըզստանում հեղափոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում Քուրմանբեկ Բակիեւը վայր է դրել երկրի նախագահի լիազորությունները եւ լքել երկիրը: Իշխանությունը փոխանցվել է Ժամանակավոր կառավարությանը: Նրա հետ փախել են նաեւ եղբայր Ժանիշը (Ջանիբեկ) եւ որդի Մարատը:
Հայրենիքում նրանք հեռակա կարգով մեղադրվել էին պաշտոնեական լիազորությունները գերազանցելով զանգվածային սպանություն գործելու մեջ: Նրանց նկատմամբ միջազգային հետախուզություն էր հայտարարվել:




























