Կիպրոսի ոստիկանությունը հայտնել է ռուս գործարար, «Ուրալկալիա» ընկերության նախկին ղեկավար Վլադիսլավ Բաումգերտների անհետացման մասին։

Բաումգերտները կապի դուրս չի գալիս հունվարի 7-ից։ Վերջին անգամ նրան տեսել են Լիմասոլում գտնվող իր բնակության վայրից դուրս գալիս։ Ավելի ուշ նրա աշխատակիցը հայտնել է, որ Բաումգերտները չի պատասխանել բազմաթիվ հեռախոսազանգերին։

Հունվարի 10-ին մասնագիտացված խմբերը որոնողական աշխատանքներ են իրականացրել Պիսուրի գյուղի շրջանի դժվարանցանելի տեղանքում։ Բաումգերտների բջջային հեռախոսի ազդանշանը վերջին անգամ ֆիքսվել է հենց այստեղ՝ զառիթափ ժայռոտ ափին։ Հունվարի 11-ին որոնողական գործողությունն ընդլայնվել է ավիացիայի ներգրավմամբ, սակայն այնուհետև այն դադարեցվել է մոտեցող փոթորկի պատճառով։

53-ամյա Բաումգերտները ղեկավարել է «Ուրալկալիան» 2003-ից 2013 թվականներին. նախ եղել է կոմերցիոն տնօրեն, ապա՝ գլխավոր տնօրեն։ 2013 թվականի օգոստոսին նրան ձերբակալել էին Մինսկում, ուր նա ժամանել էր այն ժամանակվա վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ կալիումի վաճառքի շուրջ բանակցությունների համար և մեղադրել լիազորությունների չարաշահման մեջ։ Ինչպես նշում է The Bell պարբերականը, Բաումգերտները դարձել է ռուս-բելառուսական «կալիումական պատերազմի» պատանդը։ Մեկուսարանում և տնային կալանքի տակ անցկացրած երեք ամիսներից հետո նրան հանձնել են Մոսկվային։ Բաումգերտների արտահանձնման համար Ռուսաստանում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որը 2015 թվականին կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Դրանից հետո Բաումգերտները վերադարձել է բիզնես և դարձել Global Ports նավահանգստային ընկերության գլխավոր տնօրենը։ Վերջին տարիներին նա բնակվել է Կիպրոսում։