Հայաստանի կառավարությունը կսահմանի նորմաներ` բնակավայրերում   սուպերմարկետների քանակը կարգավորելու նպատակով: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ: Այն ներառվել է փետրվարի 9-ի կառավարության նիստի օրակարգում, ու հավանության արժանանալու դեպքում կուղարկվի խորհրդարան:

Ըստ նախագծի` առեւտրի օբյեկտները բաժանվելու են 3 տիպի` փոքր, միջին եւ խոշոր: Խոշոր են կոչվելու այն առեւտրի օբյեկտները, որոնք զբաղեցնում են 600 քառ. մետրից ավելի տարածք:

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրած տեղեկանքում նշել է, որ ներկայումս առեւտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները իրենց գործունեության օբյեկտները եւ վայրերը հանրապետության բնակավայրերում եւ Երեւանի վարչական շրջաններում տեղակայում (վերակառուցում) են սեփական հայացողությամբ, ինչի արդյունքում առկա են խոշոր առեւտրի օբյեկտների կուտակումներ սահմանափակ տարածքներում: Արդյունքում` դժվար կացության մեջ են հայտնվում ոլորտում գործող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք չդիմանալով մրցակցությանը, հիմնականում դադարեցնում են իրենց գործունեությունը: