Նյու Յորքի երեք հիվանդանոցային համակարգերի հազարավոր բուժքույրեր երկուշաբթի գործադուլ են հայտարարել, երբ շաբաթավերջյան բանակցությունները չեն կարողացել առաջընթաց գրանցել աշխատանքային վեճերի լուծման գործում, հաղորդում է NBC News-ը:

Նյու Յորք նահանգի բուժքույրերի ասոցիացիայի տվյալներով՝ գործադուլին մասնակցում է մոտ 15 հազար բուժքույր։

Գործադուլը, որը համընկնում է գրիպի ծանր սեզոնի հետ, կարող է հիվանդանոցներին ստիպել տեղափոխել բուժառուներին, չեղարկել պրոցեդուրաները կամ վերաուղղել շտապօգնության ավտոմեքենաները։ Գործադուլը կարող է նաև լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել պայմանագրային վեճին չմասնակցող քաղաքային հիվանդանոցների համար, քանի որ բուժառուները կխուսափեն գործադուլից տուժած բժշկական կենտրոններից։

Գործադուլը տեղի է ունենում միաժամանակ մի քանի հիվանդանոցներում, սակայն յուրաքանչյուր բժշկական կենտրոն անկախ բանակցություններ է վարում արհմիության հետ։ Քաղաքի և նրա արվարձանների մի քանի այլ հիվանդանոցներ վերջին օրերին համաձայնությունների են հասել հնարավոր գործադուլը կանխելու համար։

Բուժքույրերի պահանջները տարբերվում են կախված հիվանդանոցից, սակայն հիմնական մտահոգությունները ներառում են անձնակազմի մակարդակը և աշխատանքային անվտանգությունը։ Արհմիությունը պնդում է, որ հիվանդանոցներն ուժից վեր աշխատանքային ծանրաբեռնվածություն են ստեղծում բուժքույրերի վրա։

Բուժքույրերը պահանջում են նաև աշխատանքային անվտանգության ավելի խիստ միջոցառումներ՝ վկայակոչելով անցյալ շաբաթվա նման միջադեպերին, երբ սուր առարկայով մի տղամարդ փակվել էր Բրուքլինի հիվանդանոցային սենյակում և հետագայում սպանվեց ոստիկանության կողմից։

Միությունը միաժամանակ պահանջում է արհեստական ​​բանականության օգտագործման առումով սահմանափակումներ մտցնել հիվանդանոցներում։