Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը քննադատության է ենթարկել Reuters գործակալությանը Դոքու Ումարովի բառերը մեջբերելու համար, որը կոչ էր արել չհարձակվել Ռուսաստանի քաղաքացիների վրա, որոնք առաջին անգամ դեմ են դուրս եկել Վլադիմիր Պուտինին:

«Մենք վրդովված ենք այն բանից, որ համաշխարհային հայտնի լրատվամիջոցները վերածվել են ամենաարյունարբու ահաբեկիչների խոսափողի», - ասվում է Քադիրովի հայտարարության մեջ:

Ըստ նրա` ցինիզմի եւ անբարոյականության վերջին կետ կարելի է համարել Ումարովի խոսքերն այն մասին, որ գրոհայինները ողջունում են Ռուսաստանի իշխանության դեմ ելույթները:

«Այս խոսքերը հնչում են ահաբեկչի շուրթերից, որը հայտարարել է տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց կյանք խլած բազմաթիվ ողբերգական իրադարձություններին իր մասնակցության մասին: Ումարովը կանանց, երեխաների եւ ծերերի կյանքը գրոշի արժեքի չափ էլ չի գնահատում: Նա քնում եւ երազում  է այն մասին, որ Պուտինը Ռուսաստանի իշխանության գլուխ չլինի, քանզի Վլադիմիր Վլադիմիրովիչի գալով ավարտվել է քաոսի դարաշրջանը եւ երկրում տիրող անիշխանությունը: Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ հազարավոր օտարերկրյա վարձկաններ Ռուսաստանում իրենց զգում էին ինչպես տանը», - ասվում է Քադիրովի հայտարարության մեջ, գրում է gazeta.ru-ն:

Անցյալ շաբաթ Reuters գործակալությունը հայտնել էր, որ  ընդհատակյա կայքում տեսագրություն-կոչ է հայտնվել, որում Ումարովը հրամայում է ռուսներին  «տառապանքներ չպատճառել» , քանի որ նրանք արդեն չեն աջակցում Պուտինին: