Հայաստանն անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կանի առավելագույն աջակցություն ցուցաբերելու Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին: Այսօր` փետրվարի 8-ին, Ազգային Ժողովում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին:

Իր խոսքում Հովհաննիսյանը նշել էր, թե Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի ամենախոշոր համայնքներից է, գտնվում է պոտենցիալ վտանգի մեջ, եւ այդ վտանգը գալիս է ոչ թե Ալ-Ասադի եւ նրա հակառակորդների գաղափարական տարաձայնություններից, այլ գազազած ամբոխից եւ անկանխատեսելի հետեւանքներից:

Ի պատասխան վարչապետը նշել է, թե հարցը գտնվում է կառավարության մշտական հսկողության ներքո: «Մենք կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները, որ առավելագույնս աջակցենք մեր հայրենակիցներին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հարցին, թե ի՞նչ է նախատեսել կառավարությունը ծայրահեղ զարգացումների դեպքում, վարչապետը պատասխանել է, թե ունեցվածքային իրավունքների, վերաբնակեցման նախընտրելի տեղերի հարցը քննարկվելու է անհրաժեշտության դեպքում:

«Մեծամասամբ մեր հայրենակիցները ձգտելու են վերաբնակվել այնտեղ, որտեղ ավելի շատ հարազատներ ունեն: Մեր ծարգրերում մենք կաշխատենք, որ նախապատվություն տրվի հայրենիքին»,- ասել է վարչապետը:

Որոշ գնահատականներով, Սիրիայում 150 հազար հայ է բնակվում: