Նովոկուզնեցկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի մանկաբարձական ստացիոնարում ամանորյա տոների ժամանակ մահացել է ինը նորածին, հայտնել է TASS-ի աղբյուրը։ NGS42 տեղական պարբերականի տվյալներով՝ եղել են օրեր, երբ մեկ օրում մահացել է երեք երեխա։ Կեմերովոյի մարզի առողջապահության նախարար Անդրեյ Տարասովը հաստատել է մանկահասակ երեխաների մահվան փաստը՝ չհստակեցնելով մահացածների թիվը։ «Դեպքը տեղի է ունեցել։ Այս պահին ընթանում է քննություն։ Առողջապահության նախարարության հանձնաժողովը մեկնել է տեղում իրավիճակը գնահատելու և կանխելու համար։ Ստուգումների ավարտից հետո կտանք պաշտոնական տեղեկատվություն»,- ասել է Տարասովը։
Դրա ֆոնին Նովոկուզնեցկի հիվանդանոցը հայտարարել է մանկաբարձական ստացիոնարներից մեկը շնչառական վարակի պատճառով կարանտինի նպատակով փակելու մասին։ «Ստացիոնարում կադրերի դեֆիցիտ չկա։ Բացման ամսաթվի մասին կհայտնենք ավելի ուշ»,- նշել են բժշկական հաստատությունից։ Դրանից հետո Կեմերովոյի մարզի նահանգապետ Իլյա Սերեդյուկը հայտնել է, որ որոշում է կայացրել հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վիտալի Խերասկովին հեռացնել պաշտոնից՝ մասնագիտացված գերատեսչությունների կողմից իրականացվող ստուգումների ժամանակահատվածում։ Հաջորդիվ Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը հարուցել է երկու քրեական գործ՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու (ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մաս) և անփութության (ՌԴ ՔՕ 293-րդ հոդված) հատկանիշներով։
Կուզբասի առողջապահության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեկտեմբերի 1-ից Նովոկուզնեցկի քաղաքային հիվանդանոցի ծննդատանը բժիշկներն ընդունել են 234 ծնունդ, ընդ որում՝ 17 երեխա ծնվել է հիվանդ և «գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում»։ «Նրանցից տասնվեցը անհաս են եղել, ընդ որում՝ մարմնի ծայրահեղ ցածր քաշով։ Բոլոր 17 երեխաներն ունեցել են ծանր ներարգանդային վարակ, այդ թվում՝ 1 երեխա՝ առաջնային իմունային անբավարարությամբ (իմունոդեֆիցիտ)»,- նշել են գերատեսչությունում։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ չորս երեխա շարունակում է մնալ հսկողության տակ՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ ևս չորսը տեղափոխվել են պրոֆեսոր Մալախովսկու անվան Կուզբասի մանկական կլինիկական հիվանդանոց։
Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Նովոկուզնեցկի ծննդատանը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել պետության համար։ Նա հանձնարարել է սոցիալական քաղաքականության կոմիտեին և Կեմերովոյի մարզից ընտրված սենատորներին ուշադիր հետևել ստուգումների և քննության ընթացքին, մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր մանրամասները և ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ, «որոնք ապագայում կբացառեին նման աղաղակող դեպքերի հնարավորությունը»։





























