Հռոմում աննախադեպ համաժողով է տեղի ունեցել. եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների ներկայությամբ մանկապիղծ հոգեւորկանների զոհերը ցնցող մանրամասներ են պատմել իրենց հետ կատարված դեպքերի մասին:
Համաժողովը նախագահել է հավատի դոկտրինի միաբանության պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Ուիլյամ Ջոզեֆ Լեւադան, ով հաղորդել է, թե 10 տարվա ընթացքում միաբանությունը դիմումներ է ստացել մանկապիղծ հոգեւորականների ավելի քան 4 հազ. զոհերից:
Համաժողովին հանդես է եկել Մերի Քոլինզը, ով պատմել է, որ 13 տարեկանում, երբ հիվանդանոցում է եղել, իրեն բռնաբարել է հոգեւորականը:
Տպավորիչ հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկյան կաթոլիկ համալսարանի հոգեւորական Ստեֆան Ռոսետին: Այն բանից հետո, երբ 2002թ. մանկապղծության հետ կապված սկանդալ պայթեց, ըստ նրա, շատ երկրներում ասում էին, թե դա ամերիկյան խնդիր է: Սակայն ավելի ուշ նման խնդիր եղավ Իռլանդիայում, իսկ հետո պարզվեց, որ նման դեպքեր կան Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, եւ սկսեցին ասել, թե դա արեւմտյան աշխարհի խնդիրն է:




























