Այսօր՝ հունվարի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի հարևանությամբ, բախվել է 14 տրանսպորտային միջոց, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Սակայն դեպքի վայրում մի քանի վարորդներ ասում էին, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, և այդ տեղեկությունը պարեկներն ու ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզում են։

Ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։

Իսկ բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց։