Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը և TRIPP նախագիծը փոխկապակցված են։ Այս մասին TRIPP նախագծի իրականացման հարցով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո՝ Վաշինգտոնից հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ մեկը մյուսի հետևանքն է. որքան ամուր լինի խաղաղությունը, այնքան հաջողված կլինի TRIPP նախագիծը և որքան հաջողված լինի TRIPP նախագիծը, այնքան ամուր կլինի խաղաղությունը։

Նախարարը նշել է, որ ամռան վերջին կամ աշնան սկզբին սպասվում են տեսանելի արդյունքներ «գետնի վրա»։ Այդուհանդերձ, նախարարը որևէ տեղեկության չի տիրապետում Հայաստանում ամերիկյան սարքավորումների մատակարարման վերաբերյալ։

Արտաքին վեկտորի փոփոխության մասին հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է հավասարակշռված քաղաքականություն և որևէ բան փոխել չի պատրաստվում, քանի որ ամեն ինչ արտացոլված է հավասարակշռության և հավասարակշռման հայեցակարգում։