Ակնհայտ է, որ հիմա դեպի մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Միրզոյան–Ռուբիո համատեղ հայտարարությանը։

«Ակնհայտ է, թե ինչ գործողություններում և ինչպես պետք է ներգրավված լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ այո, ԵՄ մեր գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաև Եվրամիության ներգրավվածության ձևաչափերը և կոնկրետ նախագծերը։ Մենք շատ շահագրգռված ենք դրանում։

Հիմա տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա, և մենք հույս ունենք, որ այն պրոցեսները, որոնք տրամաբանորեն և քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, դրանք նաև գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը։

Սա իսկապես նույնիսկ անհավատալի և աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում, իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը, ըստ էության, արդեն որոշված են»,–ասաց նա։