Հայաստանի Հանրապետությունը իր ամբիցիաները իր չափով պետք է ձևակերպի։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք աշխարհը ճանաչելու և աշխարհի հետ առերեսվելու հետ կապված խնդիր ունենք։ Այո, մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում մեր միջազգային խոշոր գործընկերների հետ, բայց մյուս կողմից մենք չպետք է մոռանանք՝ իրենք ովքեր են, մենք ովքեր ենք։ Ընդ որում, սրա մեջ  ոչ մի բան չկա, դա հասկանալու համար պետք է նայել համախառն ներքին արդյունքը, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը։ Հա, եկեք գնանք ավելացնենք, եկեք գնանք հասնենք և անցնենք, ոչ մեկ ոչ մեկին չի խանգարում և ոչ մեկ ոչ մեկին չի արգելում։ Բայց դա ճոռոմ հայտարարություններով չի արվում, դա կրթություն է, դա աշխատանք է, եկեք աշխատենք։

Այսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի երկու երրորդի չափ է, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 10 անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ է, այն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի է, մեր բնակչությունը մոտավորապես 3 միլիոն»,– հայտարարեց Փաշինյանը։