Հունվարի 9-ը դարձել է Իրանի դեմ նախկինում սանձազերծված 12-օրյա պատերազմի շարունակությունը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
Նա սա անվանել է Իրանի դեմ պատերազմի նոր փուլ։
Նրա գնահատմամբ՝ 12-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը չեն հասել իրենց նպատակներին և Իրանում անկայունության ստեղծումը դարձել է նրանց հաջորդ քայլը։
«Մենք ականատես եղանք գազանությունների, որոնք գերազանցեցին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկիչների դաժանությունները։ Գրանցվել է ոստիկանների գլխատման չորս դեպք, եղել են մի քանի դեպքեր, երբ ոստիկաններին ողջ-ողջ այրել են։ Կան տեսագրություններ, որտեղ լսվում են հստակ հրահանգներ, որ պետք է կրակել մարդկանց գլխին», - նշել է նա։
Դեսպանը պարզաբանել է, որ արդյունքում սպանվել են և՛ ոստիկաններ, և՛ քաղաքացիական բնակչություն, ինչպես նաև արտերկրում պատրաստություն անցած ահաբեկիչներ։
«Միայն հինգշաբթի գիշերը այրվել է 53 մզկիթ, Ռեշտ քաղաքում այրվել է ավելի քան 200 խանութ, հարձակման են ենթարկվել նաև այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ շտապօգնության մեքենաներ։ Զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալներն ամփոփելու համար ժամանակ է հարկավոր։ Ոստիկանների, ինչպես նաև խաղաղ բնակիչների շրջանում կան բազմաթիվ զոհեր, որոնք սպանվել են հատուկ պատրաստություն անցած ահաբեկիչների կողմից»,- նշել է Շիրգոլամին։
Նա հատկանշական է համարել այն փաստը, որ նրանք իրենց մոտ ունեցել են ծակող-կտրող գործիքներ, որոնք իրանական շուկայում չկան. դրանք բերվել են արտերկրից և օգտագործվել մարդկանց սպանելու համար։
Դիվանագետը հայտնել է, որ այս ամենի ֆոնին Իրանում տեղի են ունեցել բազմամիլիոնանոց երթեր և ակցիաներ՝ ընդդեմ ահաբեկիչների գործողությունների։
Նա հայտարարել է, որ չնայած տնտեսական խնդիրներին, որոնք հարուցվել են նաև ամերիկյան պատժամիջոցների պատճառով, Իրանի բնակչության մեծամասնության բարեկեցությունը գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա, քան աշխարհի շատ երկրներում։











