Սեւանա լճում փետրվարի 7-ին խեղդամահ եղած 34-ամյա Տիգրան Ավոյանը եւ 44-ամյա Մելսիկ Ավոյանը հորեղբոր որդիներ են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը: Նա նաեւ պատմեց, որ հորեղբոր տղաները ձկնորսներ են եղել:
Հարցին, թե այս եղանակին ի՞նչն է եղել պատճառը, որ ցանկացել են մտնել լիճը, նա պատասխանեց. «Լիճը սառած է, երեւի ցանկացել են տեսնել սառույցը հաստ է, թե` բարակ: Հնարավոր է փորձել են ստուգել, հնարավոր է ցանկացել են դուրս գալ աշխատել եւ սառույցը կոտրվել է ու նրանք ընկել են լիճը: Ոչ ոք կոնկրետ չի կարող ասել, թե ինչի համար են սառույցի վրա գնացել: Մենք էլ, որ ծովի ափ ենք իջնում սառույց է լինում այդպես քայլում ենք մեզ համար եւ ստուգում ենք մերկասառույցի շերտը»:
Ի դեպ, գյուղապետից նաեւ տեղեկացանք, որ Տիգրանը դպրոցական տարիքի 3 երեխա է ունեցել, իսկ Մելսիկը` 2:




























