2025 թվականին երկրի մակերևույթի օդի միջին ջերմաստիճանը կազմել է 14,97 աստիճան Ցելսիուս, ինչը երրորդ ցուցանիշն է օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին գրում է DPA գործակալությունը՝ հղում անելով կլիմայի փոփոխության եվրոպական «Կոպեռնիկոս» ծառայությանը։
«2025 թվականը միայն փոքր-ինչ ավելի զով է եղել, քան 2023 թվականին, իսկ 2024 թվականը մնում է դիտարկումների սկզբից ի վեր ամենաշոգ տարին։ Անցած տարին ևս մեկ բացառիկ տարի է եղել մոլորակի համար», - տարեկան զեկույցի հրապարակման նախաշեմին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ծառայության փոխտնօրեն Սամանտա Բերջեսը։ 2024 թվականին միջին ջերմաստիճանը կազմել է մոտ 15,1 աստիճան Ցելսիուս, իսկ մեկ տարի առաջ՝ 14,98 աստիճան։
Եվրոպացի և ամերիկացի օդերևութաբանների հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին երեք տարիներին մոլորակի օդի ջերմաստիճանը միջինում ավելի քան 1,5 աստիճան Ցելսիուսով գերազանցել է նախաարդյունաբերական մակարդակը։ Կլիմայի պաշտպանության վերաբերյալ 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը նպատակ է դնում թույլ չտալ միջին ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանով՝ նախաարդյունաբերական դարաշրջանի համեմատ և կոչ է անում անդամ երկրներին ձգտել, որ այդ ցուցանիշը չանցնի 1,5 աստիճանը։ «Առաջին անգամ է, որ այս սահմանագիծը գերազանցվում է երեք տարի անընդմեջ», - մեջբերում է գործակալությունը զեկույցից մի հատված։
«Կոպեռնիկոսի» մասնագետները կարծում են, որ եթե կլիմայի տաքացման տեմպերը պահպանվեն, ապա մինչև տասնամյակի վերջ 1,5 աստիճան Ցելսիուսի սահմանագիծը վերջնականապես կհատվի՝ 20 տարի ավելի շուտ, քան կանխատեսվում էր նախկինում։




























