Անհայտ անձինք Բեռլինում ներխուժել են Իրանի դեսպանատան տարածք և պոկել երկրի դրոշը։ Այս մասին հայտնել է Berliner Zeitung թերթը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ ժամը 22:45-ի սահմաններում։ Մի քանի հոգի շեղել են Շտեգլից-Ցելենդորֆ շրջանում գտնվող դեսպանատան պահպանության ուշադրությունը, մինչդեռ երկու տղամարդ անցել են ցանկապատի վրայով, ներխուժել դիվանագիտական ներկայացուցչության տարածք և դրոշակաձողից պոկել Իրանի պետական դրոշը։
Չարագործները փորձել են կախել շահական երկու դրոշ, սակայն դա նրանց չի հաջողվել և նրանք շտապել են փախուստի դիմել։ Նրանցից մեկը վնասվածքներ է ստացել ցանկապատի վրայով անցնելիս։ Բեռլինի ոստիկանությունը քննություն է անցկացնում։
2025 թվականի դեկտեմբերի 29-ին Թեհրանում սկսվել են առևտրականների բողոքի ակցիաները՝ կապված իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկման հետ։ Դեկտեմբերի 30-ին հուզումներին միացան ուսանողները։ Անկարգությունները տարածվել են խոշոր քաղաքների մեծ մասում։ Հունվարի 2-ին փողոցներում հայտնվել են զինված անհայտ անձանց խմբեր, հաճախակիացել են ցուցարարների և իրավապահների միջև զինված բախումները։ Իրանի իշխանությունները ջարդարարներին անվանել են ահաբեկիչներ և անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը բարդել են Իսրայելի և ԱՄՆ-ի վրա։





























