Հնդկաստանը պատրաստվում է կրճատել Իրանի հետ առևտրի ծավալները՝ Թեհրանի հետ համագործակցող երկրների համար ԱՄՆ-ի կողմից 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց հետո։ Այս մասին հայտնել է Hindu թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Նրանց փոխանցմամբ՝ Նյու Դելին կնվազեցնի Իրանի հետ առևտրային փոխգործակցության ծավալներն արդեն մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը, որը կեզրափակվի մարտի 31-ին։ Նման քայլի հիմնավորումը «արտաքին տնտեսական գործոններն են», նշել են պարբերականի զրուցակիցները։

Բացի այդ, ինչպես հիշեցնում է Hindu-ն, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումը հարցականի տակ է դրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Նյու Դելի, որը նախատեսված է հունվարին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 25 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու մասին բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Համապատասխան հայտարարությունը նա երկուշաբթի օրը հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։ Ինչպես բխում է հրապարակումից՝ «ցանկացած երկիր, որը համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կվճարի 25% մաքսատուրք ամեն ինչի համար՝ ԱՄՆ-ի հետ իրականացվող ցանկացած տեսակի գործարքների նկատմամբ։ Սպիտակ տան տերը ընդգծել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերանայման ենթակա չէ։ Սա տեղի է ունեցել Իրանում բողոքի ցույցերի ալիքից հետո, որոնց կազմակերպման պատասխանատվությունը Թեհրանը բարդել է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա։