Փաշինյանը գրել է, որ գերիներին տվել են, բայց մեզ որևէ մեկը այդ մասին չի ասել, որևէ մեկը մեզ հետ չի խոսել, լուր չի տվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց քիչ առաջ ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն  Էուլջեքյանի որդին՝ Սերջ Էուլջեքչյանը։

Նա նշեց, որ գումար չունեն, որպեսզի գան Հայաստան՝ Վիգենին տեսնելու։ Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ իրենց ասել էին, որ եթե ազատ արձակվի Վիգենը, իրենց կբերեն Հայաստան։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։