Նոր բան չկա, արդեն յոթ և ավել տարի է, որ հայր Ասողիկի հետ կապված գործ կա, ուղղակի հիմա հարցաքննություն էր, քննչական գործողություն էր, վերաբերում էր Գեղարդի վնասված լինելուն և մյուս պատմամշակութային արժեքների կորստին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 14–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Դրանք հերյուրանքներ են, որ արդեն բազմաթիվ անգամ լրատվամիջոցներով շրջանառվել են։ Այս դեպքը իրականում, այսպես ասած, արթնացավ, որովհետև սկսվեց նոր արշավ, այսպես ասած, նոր պրեսինգ, ՔՊ կուսակցության անդամների կողմից, որոնք ինչ-որ գեներացված, մոնտաժված տեսանյութեր էին շրջանառում։ Ըստ երևույթին դրա հետ կապված ավելի ակտիվացան հարցադրումները։
Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2018 թվականին, դրա շուրջ քննություն է ընթանում։ Էլի կան ինչ-որ դրվագներ, որոնք միացվել են, ամբողջը հերյուրանքի վրա է։ Դա նմուշներին է վերաբերում, դրանք այն ինֆորմացիան են, որ նախաքննական գաղտնիքով որևէ կերպ սահմանափակված չի կարող լինել, որովհետև բազմաթիվ անգամներ սոցիալական հարթակներում, լրատվամիջոցների փոխանցմամբ ներկայացվել է իբր թե Մայր Աթոռից ինչ-որ պատմամշակութային արժեքների կորուստների մասին։ Էլի իրերի մասին է խոսվում, 16–րդ դարի Աստվածաշունչ, որը գոյություն չունի, որովհետև 16-րդ դարում մենք տպագիր Աստվածաշունչ չենք ունեցել»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով, բացի Գեղարդի դրվագից, կա նաև Աստվածաշնչի կորստին վերաբերող դրվագ. «Մենք բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում այդ հերյուրանքներին հանդիպել ենք։ Սա նորություն չէ, նոր գործ չէ, նոր, այսպես ասած, քննությանը հետաքրքրող նոր հանգամանքներ չեն։ Պարզապես այդ մառազմը, որ նորից դրվել է շրջանառության մեջ որոշակի պաշտոնատար անձանց կողմից և գեներացվում է տեսանյութերի միջոցով, դրանցում մատնանշվող հանգամանքները քննչական կոմիտեի կողմից ստուգման ենթակա են, բնականաբար»,–ասաց նա՝ հավելելով, որ Հայր Ասուղիկը այս պահին վկայի կարգավիճակում է։
Ավելի վաղ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Ըստ մամուլի «2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին»։
Այս տեղեկություններին ի պատասխան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր. «Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:
Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը. ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորույսների...
Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ոչ միայն ազգային սրբություն է, այլև՝ համաքրիստոնեական սուրբ մասունք, որը դարեր շարունակ պահվել է Հայոց Եկեղեցում և, այլևս, 2014 թ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տարին մեկ անգամ դուրս է բերվում Մայր Տաճար, որպեսզի հայ և օտարազգի ուխտավորները մոտենան և անկեղծ հավատքով համբուրեն այդ հրաշագործ սրբությունը:











