Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկին քիչ ժամանակ է մնում: Մարտի 19-ին կայանալու են Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ եւս մեկ շաբաթ անց կմեկնարկի Բարձրագույն խմբի առաջնությունը: Հայկական ակումբները շարունակում են ակտիվորեն նախապատրաստվել:
Արտասահմանյան հավաքների առաջինը մեկնեց «Իմպուլսը», որը ստուգողական հանդիպումների միջոցով կազմի ընտրության հարցով էր զբաղված: Հայաստան վերադառնալուց հետո «Իմպուլսը» եւս մեկ հանդիպում անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում` 2:0 հաշվով առավելության հասնելով «Քինգ Դելյուքսի» նկատմամբ: Այս պահի դրությամբ նույն հարցն է հետաքրքրում նաեւ Բարձրագույն խմբի մյուս թիմերի մարզիչներին: Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում շատ աշխույժ մթնոլորտ է տիրում, քանի որ այստեղ միաժամանակ հավաք են անցկացնում երեք թիմեր` «Փյունիկը», «Բանանցը» եւ «Շիրակը»: Գործող չեմպիոն «Ուլիսն» առաջին հավաքը Հայաստանից դուրս անցկացնում է Վրաստանում, «Գանձասարը» մարզվում է Սոչիում: «Ուլիսն» արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել հարեւան երկրում ու մեկում պարտվել, մեկ հանդիպում էլ ավարտել ոչ ոքի արդյունքով:
«Գանձասարը» այդպես էլ չկարողացավ Ռուսաստան մեկնել իր աֆրիկացի ֆուտբոլիստների հետ, բայց Հրաչ Յագանն արդեն թիմում է ու նախապատրաստվում է առաջիկա մրցաշրջանին: Հենց Սոչիում «Գանձասարի» կազմում փորձաշրջան են անցնում նաեւ ռուս ֆուտբոլիստներ: Հայաստանի բրոնզե մեդալակիրն արդեն երկու հանդիպում անցկացրել է: Առաջինում հայկական ակումբը 3:1 հաշվով հաղթեց «Ժեմչուժինա» թիմին: Փետրվարի 8-ին հերթական խաղում Աբրահամ Խաշմանյանի սաները ոչ ոքի խաղացին «Մետալուրգ-Օսկոլ» թիմի հետ:
Հետաքրքիր պայքարում անցավ «Փյունիկ» - «Բանանց» մրցավեճը: Բազմակի չեմպիոնի կազմում փորձաշրջան անցնող Էդգար Հարությունյանի խփած միակ գնդակը հաղթանակ բերեց «Փյունիկին»: Փետրվարի 9-ին «Բանանցը» մրցելու է «Միկայի» հետ:
Վերջապես ստուգողական հանդիպում անցկացրեց նաեւ «Արարատը»: Թիմը «Շիրակի» հետ մրցավեճում խաղադաշտ դուրս բերեց համարյա երկու կազմ` փորձարկելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստներին: Այս մրցավեճում 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Շիրակը»:
Առջեւում նոր ստուգողական հանդիպումներ են լինելու, որոնց հիմնական մասը հայկական թիմերն անցկացնելու են արտասահմանում: Մեզ հասած տվյալների համաձայն «Իմպուլսը» նույնպես մեկնում է Կիպրոս: Ստացվում է, որ այս տարվա նախապատրաստական գործընթացի հիմնական մասը մեր թիմերը անցկացնելու են Կիպրոսում:
Ավելացնենք, որ փետրվարի 28-ին եւ 29-ին հենց Կիպրոսում մեր ազգային հավաքականը երկու հանդիպում է անցկացնելու Սերբիայի եւ Կանադայի հավաքականների դեմ:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը



























