Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բանակցությունների կոչ է արել ԱՄՆ-ին, հայտնում է Fox News-ը:

«Իրանն ապացուցել է, որ պատրաստ է բանակցությունների, պատրաստ է դիվանագիտության», - հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Արաղչին:

«Պատերազմի և դիվանագիտության մեջ՝ դիվանագիտությունը լավագույն ուղին է: Չնայած մենք ԱՄՆ-ի հետ փոխգործակցության դրական փորձ չունենք, այդուհանդերձ, դիվանագիտությունը շատ ավելի լավ է, քան պատերազմը», - նշել է նախարարը:

Նա ԱՄՆ նախագահին հորդորել է չկրկնել հունիսին թույլ տված սխալը՝ նկատի ունենալով Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածը:

«Գիտեք, դուք ոչնչացրիք օբյեկտները, բայց տեխնոլոգիաները հնարավոր չէ ռմբակոծել, վճռականությունը նույնպես հնարավոր չէ ռմբակոծել», - ասել է Արաղչին:

Խոսելով Իրանում տեղի ունեցող անկարգությունների մասին՝ արտգործնախարարը հայտարարել է, որ կառավարությունն «առավելագույն զսպվածություն» է ցուցաբերել։

Նրա խոսքով՝ «Իրանում բողոքի ցույցերն օգտագործվել են Իսրայելի կողմից ուղղորդվող ահաբեկչական տարրերի կողմից»՝ նպատակ ունենալով դրդել ԱՄՆ նախագահին պատերազմ սկսել Թեհրանի դեմ։

«Դա հենց իսրայելական դավադրություն էր։ Նրանք ցանկանում էին Միացյալ Նահանգների նախագահին ներքաշել այս հակամարտության մեջ։ Այդ պատճառով նրանք սկսեցին ավելացնել մահերի թիվը՝ սպանելով հասարակ մարդկանց, սպանելով ոստիկանների»,- հայտարարել է նա։

Արաղչին հայտնել է, որ այս պահին ամեն ինչ հանդարտ է։ «Մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը»,- հավելել է նա։

Արտգործնախարարը նաև նշել է, որ Իրանը «բողոքի ցույցերի համար՝ մարդկանց կախաղան հանելու» ծրագիր չունի։