ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ այժմ վաղաժամ է խոսել այն մասին, թե արդյոք Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փահլավին, կարող է աջակցություն ստանալ իսլամական հանրապետությունում։
«Նա շատ հաճելի մարդու տպավորություն է թողնում, բայց ես չգիտեմ, թե նա ինչպես կընդունվեր իր իսկ երկրում», - չորեքշաբթի օրը Reuters գործակալությանը տված հարցազրույցում նշել է ամերիկյան առաջնորդը՝ խոսելով Փահլավիի մասին: «Եվ իրականում մենք դեռ այդ փուլում չենք»։ «Մենք շատ բաներ ենք պարզում։ Բայց դեռ շատ վաղ է խոսել այդ մասին։ Ես չգիտեմ, թե ինչպիսին են նրա հարաբերությունները իր երկրի հետ», - հավելել է Թրամփը։
«Ես չգիտեմ՝ արդյոք նրա երկիրը կընդուներ նրան ղեկավարի դերում, թե ոչ. եթե ընդուներ, ես դեմ չէի լինի», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Խոսելով այն մասին, թե հնարավոր է արդյոք Իրանում իշխանափոխություն, նա նշել է, որ «ցանկացած ռեժիմ կարող է տապալվել»։ «Անկախ նրանից կտապալվի այն, թե ոչ՝ հետաքրքիր ժամանակաշրջան կլինի», - հավելել է Թրամփը
Ռեզա Փահլավին ծնվել է 1960 թվականին Թեհրանում, 1967-ին ստացել է թագաժառանգի տիտղոս և իր հոր՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի մահից հետո պետք է բազմեր գահին։ Սակայն 1979 թվականի Իսլամական հեղափոխության հետևանքով Իրանում միապետությունը տապալվել է և վերջին շահի ընտանիքը՝ թագաժառանգի հետ միասին, ստիպված է եղել փախչել երկրից։ 1980 թվականին հոր մահից հետո Ռեզա Փահլավին, լինելով վերջին շահի զավակներից ավագը, գլխավորել է Փահլավիների տունը և նախկինի պես հավակնում է գահին։ Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում և հանդես է գալիս որպես իրանական ներկայիս իշխանությունների ընդդիմադիր՝ գլխավորելով քաղաքական վտարանդիների կողմից ձևավորված և Փարիզում տեղակայված Իրանի ազգային խորհուրդը, որի գործունեությունն արգելված է իսլամական հանրապետությունում։





























