Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ Իրանում տիրող իրավիճակը թուրք քաղաքացիների տարհանման անհրաժեշտություն չի առաջացնի և չի հանգեցնի միգրացիոն ալիքի։
«Իրանում տեղի ունեցող իրադարձությունների համար մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ։ Կան մշակված հյուպատոսական միջոցառումներ, որոնք վերաբերում են բոլոր երկրներին և հնարավոր սցենարներին։ Մենք դրանք իրականացնում ենք, երբ գալիս է ժամանակը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա մեր միջոցառումներն արդեն մշակված են. կան պլաններ մեր աշխատակիցների, քաղաքացիների, մեր առաքելությունների դիվանագետների, գործարարների, ուսանողների վերաբերյալ։ Բայց հուսով ենք, որ իրավիճակն Իրանում հնարավորինս շուտ կհանդարտվի և մենք մեծ դրամայի ականատես չենք լինի»,- ասել է նա Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Խոսելով Իրանից միգրացիոն ալիքի վտանգի մասին՝ Ֆիդանը նույնպես հույս է հայտնել, որ «իրավիճակը չի հասնի այդ փուլին» և Թուրքիան ստիպված չի լինի զբաղվել այդ խնդրով։ «Բայց Թուրքիան մեծ երկիր է և դուք տեսնում եք դրա օրինակները [փախստականների ընդունման վերաբերյալ] նրա պատմությունից, նույնիսկ մոտ անցյալից։ Սակայն, ինչպես արդեն ասացի, հուսով եմ, որ այս հարցում որևէ միջոց կամ գործողություն ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի»,- նշել է նա։




























