Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գործով նիստն ավանդույթի համաձայն սկսվել է ուշացումով։

Պարզվել է, որ նշանակված ժամին բացակայել են մեղադրյալների մի մասը, փաստաբանները և դատախազները։

Ներկայանալով ուշացումով՝ դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ մի միջնորդություն, որի էությունը հանգում էր նրան, որ դահլիճում հնչում են քաղաքական հայտարարություններ, որոնք պետք է կանխվեն և դա խանգարում է գործընթացին ու «քաոս» է ստեղծում։

Պաշտպանական կողմը մի տեսանկյունից սա որպես խոսքի ազատության դեմ խտրականություն է որակել, իսկ մյուս տեսանկյունից՝ փաստացի բացարկ դատավորին, ով թույլ է տալիս, որ «քաոս» տեղի ունենա։

Դատախազներին նաև հիշեցրել են այն մասին, որ նախորդ նիստը հետաձգվել էր հենց իրենց՝ դատախազների մեղքով, ովքեր նիստին ներկայացել էին անպատրաստ վիճակով։

Փաստաբաններն արձանագրել են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, ինչն արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Քանի որ փաստաբանը ներկայացնում է դիրքորոշում և իրականացնում պաշտպանություն, համապատասխանաբար եղել են և կլինեն հայտարարություններ, սակայն դրանք ոչ թե քաղաքական են, այլ իրավական։

Գալստանյանը հայտարարել է, որ կշարունակի հնչեցնել իրավապահների գործողությունների գնահատականները։ «6-7 ամիս մարդկանց կալանքի տակ պահելը վիրավորական է։ Վիրավորանք է ոչ միայն խոսքով, այլև գործով։ Ինձ՝ 30-ամյա ծառայության փորձ ունեցող հոգևորականիս, հանցագործ անվանելը...», - թվարկել է Գալստանյանը՝ խոստանալով էլ ավելի խիստ գնահատականներ հնչեցնել նրանց հասցեին, ովքեր փորձում են սուտը մատուցել որպես ճշմարտություն։ «Մարդիկ պետք է պատասխան տան վիրավորանքների համար, երբ դու նրանց նույնիսկ պատասխանել չես կարող։ Երկինքն ու երկիրը պատասխան են պահանջում», - հայտարարել է նա։

Դատարանն ընդունել է դատախազների ներկայացրածը որպես հայտարարություն՝ հիշեցնելով, որ դատարանն առանց այդ էլ քաղաքական չեզոքություն է պահպանում։ Ինչ վերաբերում է հնչող հայտարարություններին, դատավոր Ֆարխոյանը հիշեցրել է, որ երբ ելույթները դուրս են գալիս գործընթացի շրջանակներից, ինքն ընդհատում է խոսողներին։ Իսկ նախապես իմանալ, թե ինչի մասին է խոսվելու, դատարանը չի կարող դա իմանալ, նշել է դատավորը։ Միաժամանակ նա հավաստիացրել է, որ դահլիճում քաոս թույլ չի տա և կողմերը պետք է հարգալից վերաբերմունք պահպանեն միմյանց նկատմամբ։

Այնուհետև դատարանն անցել է նյութերի ուսումնասիրությանը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատախազները մեղադրանքը ներկայացրել էին «բոլորի մասին» ձևաչափով, այսինքն՝ չէին նեղվել առանձնացնել և նշել, թե գրեթե երկու տասնյակ մեղադրյալներից ով կոնկրետ ինչում է մեղադրվում։ Այսօր դատախազները արագընթաց ռեժիմով սկսել են մանրամասն ներկայացնել մեղադրանքները։

Սակայն դեռ դատախազը չէր հասցրել կարդալ նույնիսկ մեկ պարբերություն, պաշտպանական կողմն ընդհատեց ելույթը՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ իրավիճակը կրկնվում է։ Մեղադրանքները և վերագրվող արարքներն այն տեսքով են, որով դրանք ներկայացնում է մեղադրող կողմը և դրանք չեն կարող հասցեագրվել կոնկրետ անձի. գործողությունը անհատականացված չէ, ինչը զրկում է փաստաբաններին կոնկրետ մեղադրանքին հակադարձելու հնարավորությունից և իմաստազրկում է ինչպես գործընթացը, այնպես էլ ապագա վճիռը։

Դատախազը Գալստանյանի տանն իրականացված բազմաթիվ հանդիպումներ է թվարկել տարբեր անձանց հետ, որոնց ընթացքում «կազմվել են ցուցակներ և մշակվել է երկրում քաոս ստեղծելու, ճանապարհները շրջափակելու, խորհրդարանի շենքը զավթելու և այլնի սցենար, որն արվել է հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխելու նպատակով»։ Այնուհետև դատավորը 15 րոպե ընդմիջում է հայտարարել։

Ընդմիջումից վերադառնալուց հետո Բագրատ Գալստանյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է «ապացույցների» կտրտված լինելու, փորձաքննությունների բացակայության և այն փաստի վրա, որ հեռախոսային խոսակցությունների վերծանման գրեթե բոլոր նախադասություններն ավարտվում են «չի լսվում» արտահայտությամբ և առհասարակ ձայնագրությունն առանց փորձաքննության չի կարող ապացույց համարվել։