Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն ունի ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապ հաստատելու տեսանկյունից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ «Դրա համար անհրաժեշտ ցանկություն կա՝ ինչպես Ադրբեջանի ու Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի կողմից»։

Հաքան Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) ծրագրի իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նա հավելել է, որ շրջանակային փաստաթղթի մասին տեղեկացվել է նաև Թուրքիայի նախագահը.

«Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ հրապարակվել է TRIPP-ի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը։ Այս հարցի շուրջ մենք երկժամյա քննարկումներ ենք անցկացրել իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեզ համար կարևոր են ադրբեջանական կողմի հեռանկարները։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացված է այդ մասին»։