Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Հայկական պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արեգ Ղուկասյանը, Վարդան Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձիք:

Հայաստանի ԱԺ նախագահը նաեւ ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստում եւ նշել, թե որպես միջազգայնորեն ճանաչված տարածաշրջանային կազմակերպություններից մեկը, ՍԾՏՀ ԽՎ-ն տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակը` դառնալով տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական կայունության կարեւոր գործոն: «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիայի գործընթացներին. այդ իսկ պատճառով ՀՀ հանդիսացել է ՍԾՏՀ-ի եւ դրա խորհրդարանական կառույցի հիմնադիրներից մեկը: Խորհրդարանների դերը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում կազմակերպության գաղափարները եւ նպատակները տարածելն է: Մեր հետագա օրենսդրական գործունեությունը` ուղղված Սեւծովյան տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրային համագործակցությանը, նպաստելու է ոչ միայն մեր ներքին խնդիրների լուծմանը, այլ նաեւ մեր երկրների եւ ժողովուրդների միչեւ վստահությանն ու փոխըմբռնմանը: Հենց այս գիտակցությամբ էլ մենք շարժվում ենք տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ»,- նշել է ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանը տարածաշրջանի համաչափ տնտեսական զարգացման համար կարեւորել է տրանսպորտային միջանցքների զարգացումը եւ ՍԾՏՀ-ի երկրների էներգետիկ անվտանգության ապահովումը: «Գտնում եմ, որ տրանսպորտային համակարգի ինտեգրումը առավել արդյունավետ կլինի, եթե ներգրավված լինեն ՍԾՏՀ-ի բոլոր` 12 անդամ պետությունները: Այդ գործընթացին կնպաստի Սեւծովյան տրանսպորտային օղակ ստեղծելու գաղափարի իրագործումը, որը թույլ կտա միացնել Եվրամիության, Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի տրանսպորտային համակարգերը»,- ասել է Աբրահամյանն ու հավելել. «Հայաստանը, Իրանը եւ Վրաստանն ունեն էներգետիկ համակարգերն ինտեգրելու քաղաքականության դրական փորձ: Մենք պատրաստ ենք Սեւծովյան Էլեկտրաէներգետիկական Օղակի ձեւավորմանն ինտեգրվելու համար կոնկրետ քայլեր կատարել: Եվրոպական Էներգետիկ Խարտիայի շրջանակներում` Հայաստանը պատրաստ է բանակցել ցանկացած երկրի հետ, որը հետաքրքրված է էներգիայի աղբյուրների տարանցման բնագավառում ծրագրեր իրականացնելու մեջ: Էներգետիկայի բնագավառում արդյունավետ համագործակցությունը կապահովի Սեւծովյան տարածաշրջան մատակարարել վստահելի եւ էժան էներգիա, ինչն էլ կնպաստի Սեւծովյան Էլեկտրաէներգետիկ Օղակի ստեղծումը եզրափակիչ փուլ տեղափոխելուն»: