Չինաստանը դեմ է միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքին կամ կիրառմանը, իր կամքը ուրիշներին պարտադրելուն և հանդես է գալիս ընդդեմ «ջունգլիների օրենքին» աշխարհի վերադարձին»,- հինգշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է Xinhua գործակալությունը։

Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար, միաժամանակ կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Վանը։

Բանակցությունների ընթացքում Արաղչին, ըստ տեղեկությունների, Վանին տեղեկացրել է Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին՝ ընդգծելով, որ վերջին անկարգությունները հրահրել են արտաքին ուժերը, և որ իրավիճակն այժմ կայունացել է։

Նա նշել է, որ Իրանը պատրաստ է արձագանքել արտաքին միջամտությանը՝ միաժամանակ բաց պահելով երկխոսության դուռը, և հույս է հայտնել, որ Չինաստանն ավելի ակտիվ դեր կխաղա տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման գործում։

Իր հերթին, Վանը հայտարարել է, որ Չինաստանը հավատում է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը միասնական կլինեն, կհաղթահարեն դժվարությունները, կպահպանեն ազգային կայունությունը և կպաշտպանեն իրենց օրինական իրավունքներն ու շահերը։

Վանը միաժամանակ հույս է հայտնել, որ բոլոր շահագրգիռ կողմերը կձգտեն խաղաղության, զսպվածություն կդրսևորեն և կլուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով՝ հավելելով, որ Չինաստանը պատրաստ այդ հարցում է կառուցողական դեր խաղալ։