Ավստրալիայում 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերն արգելող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 4,7 միլիոն երեխաների եւ դեռահասների օգտահաշիվներ են անջատվել կամ հանվել։ Այս մասին են վկայում երկրի ինտերնետային կարգավորող մարմնի՝ eSafety-ի հրապարակած տվյալները։
Գերատեսչության տվյալների համաձայն՝ 2025թ․ դեկտեմբերի 10-ից հետո Ավստրալիայում ընկերությունները, որոնք գործում են սոցցանցերի ոլորտում, արգելափակել են երեխաների եւ դեռահասների պատկանող 4.7 միլիոն օգտահաշիվների հասանելիությունը։ «Առաջատար հարթակները զգալի միջոցներ են ձեռնարկում 16 տարեկանից փոքր անձանց օգտահաշիվների հասանելիությունը կանխելու համար, եւ ես շատ գոհ եմ նախնական արդյունքներից»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Ջուլի Ինման-Գրանտը։
Նա նաեւ նշել է, որ eSafety-ն կշարունակի համագործակցել տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ «բարելավելու համար օգտատիրոջ տարիքի որոշման ճշգրտությունն ու արդյունավետությունը եւ կանխելու իրավական պահանջների շրջանցումը»։ «Իհարկե, որոշ երեխաներ գտնում են սահմանափակումները շրջանցելու եւ սոցցանցերում մնալու ուղիներ, բայց կարեւոր է հիշել, որ այս դեպքում հաջողությունը չափվում է վնասի ընդհանուր նվազեցմամբ եւ մշակութային նորմերի վերականգնմամբ»,- ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը՝ ավելացնելով, որ կարգավորող մարմինը «կշարունակի տվյալներ հավաքել, ներառյալ օգտատերերին այլ հարթակներ տեղափոխվելու վերաբերյալ տեղեկատվությանը հետեւելը»։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտնել է, որ «սոցիալական մեդիա ընկերությունները զգալի ջանքեր են գործադրում օրենքին համապատասխանելու համար, եւ սա խրախուսական է»։ «Փոփոխությունը մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենում, բայց վաղ ապացույցները ցույց են տալիս, որ մենք ձեռնարկել ենք բոլոր քայլերը՝ դա ապահովելու համար»,- ասել է նա։
Սակայն մարդու իրավունքների ավստրալական կազմակերպությունների ներկայացուցիչներն այդքան լավատես չեն։ Digital Rights Watch-ի նախագահ Լիզի Օ'Շին նշել է, որ «անջատված օգտահաշիվների քանակը չի կարող հաջողության չափանիշ համարվել»։ Այստեղ կարեւորը [սոցիալական մեդիայի] արգելքի ազդեցությունն է երիտասարդների բարեկեցության վրա։ «Այս տեսանկյունից այն մնում է անարդյունավետ։ Դեռահասները հաշտվել են իրենց աջակցության ցանցերից կտրված լինելու հետ, եւ շատերին արգելքը լուրջ վնաս է պատճառել»,- ասել է նա։
16 տարեկանից փոքր անձանց սոցիալական մեդիայի հասանելիություն արգելող օրենքը Ավստրալիայում ուժի մեջ է մտել 2025թ․ դեկտեմբերի 10-ին։ Արգելքը վերաբերում է Facebook-ին, Instagram-ին, Kick-ին, Reddit-ին, Snapchat-ին, Threads-ին, TikTok-ին, Twitch-ին, X-ին եւ YouTube-ին։ Նոր օրենսդրության համաձայն՝ տեխնոլոգիական հարթակները լիովին պատասխանատու են դրա խախտման համար եւ կարող են տուգանվել մինչեւ 49.5 միլիոն ավստրալական դոլարով (32.9 միլիոն դոլար), եթե չձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները անչափահասների օգտահաշիվներն անջատելու համար։



























