Միացյալ Նահանգները եւ Մեքսիկան պայմանավորվել են ուժեղացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ դրանում ներգրավված կազմակերպված հանցավոր խմբերի դեմ համատեղ պայքարը։ Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Պիգոտը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի բանակցություններից հետո։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ։ Երկուսի դիրքորոշումն էլ շատ հստակ էր. ընդհանուր սպառնալիքները պահանջում են ավելի վճռական համագործակցություն եւ արդյունքներ։ Թմրաահաբեկչական ցանցերի բացահայտումը եւ ֆենտանիլի, այլ թմրանյութերի եւ զենքի՝ մեր ընդհանուր սահմանով մաքսանենգության զգալի կրճատումը հրատապ խնդիր են, որը պահանջում է անհապաղ, կոնկրետ գործողություններ», գրել է Պիգոտը X-ում։
Ավելի վաղ՝ Fox News-ի հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Լատինական Ամերիկայի թմրամիջոցների կարտելների դեմ ցամաքային գործողությունների անցնելու մասին։ Նա նշել է, որ, իր կարծիքով, կարտելները փաստացի կառավարում են Մեքսիկան։ Նա նաեւ չի բացառել Մեքսիկայում թմրակարտելների թիրախներին ԱՄՆ հարվածների հնարավորությունը։




























