Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտնել է, որ իր հաշիվները սառեցվել են մինչեւ դատավարություն, ինչը նրան թույլ չի տալիս գրավ վճարել։
«Ի՞նչն է տարօրինակ։ Այն, երբ դու պլանավորում ես գրավ վճարել ակնհայտորեն կեղծված քաղաքական գործի համար՝ օգտագործելով ոչ անհայտ «դիկտատորի» քաղաքական հետապնդման համար որպես փոխհատուցում ստացված գումարը։ Բայց չես կարող դա անել։ Որովհետեւ քո հաշիվները սառեցվել են նույնիսկ դատարանի որոշումից առաջ»,- գրել է Տիմոշենկոն Ֆեյսբուքում։
Կիեւի դատարանը հունվարի 16-ին պետք է որոշի Տիմոշենկոյի խափանման միջոցը, որը կասկածվում է Գերագույն ռադայի պատգամավորներին կաշառելու մեջ։
Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (ՄՀԿԴ) մտադիր է Տիմոշենկոյի համար պահանջել 50 միլիոն գրիվնայի (մոտ 1 մլն եվրո) գրավ։
Տիմոշենկոյի կողմից Գերագույն ռադայի պատգամավորներին կաշառելու կասկածանքների մասին հայտարարվել է հունվարի 14-ին։ «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվել։ Տիմոշենկոն հերքել է բոլոր մեղադրանքները՝ միջադեպը անվանելով «վիթխարի PR հնարք» եւ «մրցակիցների մաքրում»։
Տիմոշենկոյի դեմ մեղադրանքները նախատեսում են 5-10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ։





























