Wikipedia ինտերնետ-հանրագիտարանի օպերատորը՝ Wikimedia Foundation-ը, կազմել է իր պատմության մեջ ամենատարածված հարցումների ցուցակը։ Այս մասին տեղեկացրել է Popular Science ամսագիրը։

Wikipedia-ի օգտատերերն ամենից հաճախ որոնել են «Մահացածների ցանկը ըստ տարիների» հոդվածը՝ ավելի քան 647 միլիոն դիտումով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Միացյալ Նահանգները (ավելի քան 328 միլիոն դիտում), որին հաջորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին տեղեկությունները (ավելի քան 325 միլիոն դիտում)։ Չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մասին հոդվածը, որը գահակալել է 1952-2022թթ․, եւ Հնդկաստանի մասին տեղեկությունները։

Տասը ամենատարածված որոնման հարցումների մեջ են եղել նաեւ պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Միացյալ Թագավորության մասին հոդվածները։

Wikipedia-ն գործարկվել է 2001թ․ հունվարի 15-ին։ Հանրագիտարանը պարունակում է ավելի քան 65 միլիոն հոդված, որոնք գրված են ավելի քան 300 լեզուներով։ Այս նյութերը օգտատերերի կողմից դիտվում են ամսական ավելի քան 15 մլրդ անգամ։