ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն ուղիղ շփումներ են ունեցել Իրանի իշխանությունների հետ՝ Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին հաղորդել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով տարածաշրջանի երկրների կառավարություններին մոտ կանգնած աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հաղորդակցությունները թույլ են տվել Իրանի իշխանություններին վստահեցնել Թրամփին, որ Իրանը մահապատժի չի ենթարկի անկարգությունների մասնակիցներին։ Թերթն ավելացրել է, որ կողմերի միջեւ հետագա շփումները հնարավոր են առաջիկա օրերին։ FT-ն ընդգծել է, որ երկխոսությունը կարող էր կազմակերպվել երրորդ երկրների, ինչպիսին են Ռուսաստանը կամ Օմանը, օգնությամբ։

Թերթը նշել է, որ Եգիպտոսը, Կատարը, Օմանը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան կոչ են արել Սպիտակ տանը զերծ մնալ Իրանին հարվածելուց, քանի որ նման զարգացումը կարող է վնասել Իրանի հարեւաններին եւ հանգեցնել նավթի եւ գազի համաշխարհային գների բարձրացման։ «Առայժմ լարվածությունը նվազել է,- FT-ին ասել է արաբական երկրներից մեկի պաշտոնյան։- ԱՄՆ-ը ժամանակ է տալիս Իրանի հետ բանակցությունների համար՝ տեսնելու, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»։

Դեկտեմբերի 29-ին Իրանում անկարգություններ բռնկվեցին իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկման հետեւանքով առաջացած փողոցային բողոքի ցույցերից հետո, որոնք տարածվեցին խոշոր քաղաքների մեծ մասում։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի, ցուցարարների շարքերում հայտնվել են զինված ահաբեկիչներ: Իրանի իշխանություններն անկարգությունների համար մեղադրել են Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին: Թրամփը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է իսլամական հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը: