Պենտագոնն առաջիկա օրերին եւ շաբաթներին կսկսի տարածաշրջանում, Իրանի մոտ օդային, ցամաքային և ծովային ուժեր տեղակայել, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրի գործողությունների ռազմական տարբերակներ, եթե նա որոշի հարվածներ հասցնել իսլամական հանրապետությանը, տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով լավ տեղեկացված ամերիկյան ռազմական աղբյուրներին։

Աղբյուրներից մեկը նշել է, որ եթե նախագահը որոշի ռազմական գործողություն իրականացնել, ապա «այն այլ կլինի, ավելի հարձակողական»։ Նրա խոսքով՝ ամերիկացի պլանավորող զինվորականները մի շարք տարբերակներ են պատրաստում, որոնք կախված կլինեն այն բանից, թե ինչպես իրանական իշխանություններն իրենց կպահեն առաջիկա օրերին։

Հեռուստաալիքի աղբյուրները հաստատել են, որ դեպի Մերձավոր Արեւելք է շարժվում ամերիկյան ավիակիրներից մեկը։ Սպասվում է, որ անցումը տարածաշրջան կտեւի մեկ շաբաթից ոչ ավելի։

Զորքերի պատրաստվող տեղակայումները պաշտոնյաներն անվանել են ուժերի տեղակայման գործընթաց, նշել է Fox News-ը։

Ամերիկացի պաշտոնյաները Fox News-ին հայտնել են, որ ներկայում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տարածքում տեղակայված է մոտ 30 հազար ամերիկացի զինծառայող։