ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Մինեսոտա նահանգի նահանգապետ Թիմ Ուոլցի և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյի նկատմամբ՝ դաշնային իրավապահ մարմինների գործունեությանը հնարավոր խոչընդոտելու համար։ Այս մասին CNN-ին հայտնել են հարցին ծանոթ աղբյուրները: Աղբյուրը հայտնել է, որ երդվյալ ատենակալների մեծ մարմինը հետաքննության շրջանակներում ծանուցագրեր է ներկայացրել երկու պաշտոնյաներին:

Սակայն, ըստ հարցին ծանոթ աղբյուրների, ուրբաթ երեկոյի դրությամբ գրասենյակներից և ոչ մեկը որևէ ծանուցում չի ստացել: Դեռևս հայտնի չէ, թե երբ Ֆրեյը և Ուոլցը կստանան ծանուցագրերը:

Նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը քննադատաբար են մոտեցել Մինեսոտայի նահանգային և տեղական իշխանությունների արձագանքին՝ կապված Ներգաղթի և մաքսային հսկողության վարչության (ICE) աշխատակիցների ներկայությամբ պայմանավորված անկարգությունների հետ: Ընդ որում, նախագահը ենթադրել է, որ կարող է կիրառել «Ապստամբության մասին օրենքը» և զորք մտցնել քաղաք՝ ցանկացած բռնություն ճնշելու համար:

Թե՛ Ուոլցը, թե՛ Ֆրեյը բացահայտորեն դատապարտել են Մինեապոլիսում դաշնային ակտիվության աճը, իսկ Ֆրեյը հրապարակայնորեն դիմել է դաշնային գործակալներին՝ կոչ անելով «գրողի ծոցը կորչել Մինեապոլիսից»։

Ուոլցը CNN-ին չի հաստատել հետաքննության փաստը, սակայն իր հայտարարության մեջ մեղադրել է դաշնային կառավարությանը «դատական համակարգը որպես զենք օգտագործելու և քաղաքական հակառակորդներին սպառնալու մեջ»՝ դա անվանելով «վտանգավոր, ավտորիտար մարտավարություն»։

«Միակ մարդը, ում նկատմամբ Ռենե Գուդի սպանության գործով հետաքննություն չի տարվում, հենց այն դաշնային գործակալն է, որը կրակել է նրա վրա», - ասել է Ուոլցը՝ նկատի ունենալով այն կնոջը, ում մահացու վիրավորումը անցյալ շաբաթ ICE-ի աշխատակցի կողմից անկարգությունների պատճառ է դարձել։