Իրանի հետախուզության նախարարությունը հաջողությամբ չեզոքացրել է ահաբեկչական մի խմբավորում, որը վերջին անկարգությունների ժամանակ զոհեր պատճառելու նպատակով երկիր էր ներթափանցել արևմտյան սահմաններով և հանցավոր զինված հարձակում էր իրականացրել Թեհրանում, հաղորդում է Press TV-ն։
Նախարարության տվյալներով՝ այս ահաբեկչական խմբի անդամները հունվարի 8-ի երեկոյան զինված հարձակում են գործել Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա՝ կիրառելով մարտական զենք և արձակելով ավելի քան 850 կրակոց՝ նպատակ ունենալով գրավել բաժանմունքն ու տիրանալ դրա սպառազինությանը։
Հարձակման հետևանքով զոհվել են ոստիկանության մի քանի աշխատակիցներ, «Բասիջ»-ի անդամներ և քաղաքացիական անձինք։ Ձերբակալման գործողության ընթացքում ահաբեկիչները կրակ են բացել օպերատիվ ուժերի ուղղությամբ։
Հաջորդած փոխհրաձգության ընթացքում մեկ զինված ահաբեկիչ վնասազերծվել է, իսկ մյուս չորսը՝ ձերբակալվել: Առանձին հայտարարության մեջ Հետախուզության նախարարությունը հաստատել է, որ լիկվիդացվել է նաև կազմակերպված հիմնական բջիջներից մեկը, որը պատասխանատու էր Թեհրանում զանգվածային անկարգությունների և անմեղ մարդկանց մահվան համար:
Այդ կազմակերպված ցանցի մի քանի անդամներ և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների մեջ ներգրավված անձինք ձերբակալվել են:
Իրանի անվտանգության ուժերը հայտարարել են, որ առգրավել են Թեհրան ուղարկվող 60,000 միավոր զենքը և լիկվիդացրել են «Մոսադի կողմից պատրաստված ահաբեկչական բջիջը», որն օգտագործել էր վերջին անկարգությունները մահացու հարձակումներ գործելու համար:
Նշենք, որ արևմուտքում Իրանը սահմանակից է Իրաքին և Թուրքիային, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանին և Ադրբեջանին:





























