Հայաստանի կառավարությունն այսօր` փետրվարի 9-ին որոշում ընդունեց 10.5 մլն դրամ սուբսիդիա հատկացնել էլեկտրոնային ստորագրությունների ստացման գինը նվազեցնելու համար:
Հայաստանում միակ լիազորված ընկերությունը, որը տրամադրում է էլեկտրոնային թվային ստորագրություններ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունն է: Հենց այս ընկերությանն էլ կտրամադրվի սուբսիդիան: Նախկինում մեկ էլեկտրոնային թվային ստորագրության արժեքը կազմում էր 15 000 դրամ, որը վերահաշվարկի արդյունքում իջեցվել է մինչեւ 13 000 դրամ: Սուբսիդիայի շնորհիվ էլեկտրոնային ստորագրության արժեքը կնվազի մինչեւ 3.5 հազ. դրամ: Այսպիսով` կառավարությունը 9.5 հազ դրամի չափով օգնելու է ընկերություններին:
Նշենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի եւ 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող կազմակաերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունները պարտավոր են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Դա պարտադիր է 2012 թվականի հունվարի 1-ից:
Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումը հնարավոր է իրականացնել միայն էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ:
Ըստ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվության` սուբսիդիայից կարող են օգտվել միջին բիզնեսի մոտ 1106 ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ:



























