Գվատեմալայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել՝ հանցավոր խմբավորումների բռնության դեմ պայքարելու նպատակով։ Սա պատասխան է վերջին օրերին տեղի ունեցած անկարգությունների ալիքին, որը ներառում էր բանտային խռովություններ և ութ ոստիկանների սպանություն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Արտակարգ դրությունը կտևի 30 օր և հնարավորություն կտա երկրի ազգային ոստիկանությանն ու բանակին պայքարել ավազակախմբերի ու կազմակերպված հանցավորության դեմ։ Այս մասին կիրակի կեսօրին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Բեռնարդո Արևալոն։

Նրա խոսքով՝ սա չի ազդի գվատեմալացիների մեծ մասի կյանքի վրա, սակայն նա հավելել է, որ երկուշաբթի օրը, որպես կանխարգելիչ միջոց, դպրոցներում դադարեցվել են դասերը։

Շաբաթ օրը կալանավորները երկրի տարբեր մասերում գտնվող երեք բանտերում պատանդ են վերցրել տասնյակ բանտապահների։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խռովությունները եղել են համակարգված և հանդիսացել են իշխանությունների կողմից հանցավոր կազմակերպությունների առաջնորդներին արտոնություններից զրկելու պատասխանը։ Կիրակի օրը ոստիկանությունը վերականգնել է վերահսկողությունը երեք բանտերի նկատմամբ, և պահակներն ազատ են արձակվել, նշել է Արևալոն։

Կիրակի օրը սպանվել է ութ ոստիկան, հայտնել է ազգային ոստիկանությունը: Իշխանությունները սպանությունների պատասխանատվությունը բարդել են հանցախմբերի վրա, իսկ պարոն Արևալոն հայտարարել է, որ հարձակումները վրեժ էին այն բանի համար, որ ոստիկանությունը վերականգնել է բանտերի նկատմամբ վերահսկողությունը:

Արևալոն հայտնել է, որ ծրագրում է համագործակցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և ամերիկյան այլ գերատեսչությունների հետ՝ թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների դեմ պայքարելու համար, որոնք, նրա խոսքով, վերահսկում են երկրի բանտերը և բռնության ալիք են սանձազերծել կենտրոնամերիկյան այս երկրում: Սակայն Արևալոն, ով 2023 թվականին ընտրվել է որպես չափավոր քաղաքական գործիչ, մեծ ջանքեր է գործադրում կոռուպցիային վերջ տալու և երկիրը թմրակարտելներից մաքրելու իր խոստումը կատարելու համար: Նրա անսպասելի հաղթանակը բողոքի ալիք էր բարձրացրել, որը քիչ էր մնում խափաներ նրա պաշտոնամուտը:

Եվ այն պահից ի վեր, երբ նա դարձել է նախագահ, պահպանողական վերնախավը պայքարում է նրա բարեփոխումների մեծ մասի դեմ: 2024 թվականին Միացյալ Նահանգները մուտքի արգելք է սահմանել նրա նախորդի՝ Ալեխանդրո Ջամատտեիի նկատմամբ՝ հղում անելով նախկին նախագահի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրանքներին:

Անցյալ տարվա վերջին պարոն Արևալոն կոչ է արել բարեփոխել երկրի բանտային համակարգը, որտեղ, ինչպես ընդունված է՝ հանցախմբերը գործում են անվերահսկելի ձևով՝ համատարած կաշառակերության և կոռուպցիայի ֆոնին: Այն ժամանակ նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցություն կցուցաբերի կազմակերպված հանցավորության դեմ պայքարին:

«Նրանք բանտերում խռովություն բարձրացրեցին և պատանդներ վերցրեցին՝ նպատակ ունենալով ստիպել պետությանը ընդունել իրենց պահանջները, որոնք տասնամյակներ շարունակ բավարարվել են»,— ասել է նա՝ հավելելով, որ հաջորդող հարձակումները «անվտանգության ուժերին և բնակչությանը վախեցնելու փորձ էին, որպեսզի կառավարությունը թուլացնի հանցախմբերի դեմ իր ուղղակի պայքարը»:

Ոստիկանությունը իրավապահների վրա կատարված հարձակումների մեղքի մի մասը բարդել է «Բարրիո 18» խմբավորման վրա, որը վաղուց կապված է Կենտրոնական Ամերիկայում կազմակերպված հանցավորության ու բռնության հետ․ սեպտեմբերի վերջին Թրամփի վարչակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել այն։