Դատարանը կասեցրել է «Գ. Պ. Կուրբատովի անվան Նովոկուզնեցկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոց» պետական ինքնավար առողջապահական հիմնարկի թիվ 1 մանկաբարձական ստացիոնարի գործունեությունը:
Նշենք, որ այս ծննդատանը նոր տարվա առաջին 10 օրվա ընթացքում 9 նորածին է մահացել:
«Դատական նիստի ընթացքում հաստատվել է, որ 2026 թվականի հունվարի 15-ին «Գ. Պ. Կուրբատովի անվան ՆԿՔՀ թիվ 1» պետական ինքնավար առողջապահական հիմնարկի նկատմամբ իրականացված համաճարակաբանական հետաքննության ժամանակ թիվ 1 մանկաբարձական ստացիոնարում հայտնաբերվել են խախտումներ: Դրանք արտահայտվել են բնակչությանը աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ սանիտարական օրենսդրության պահպանման և մարդու առողջության համար անվտանգության չապահովմամբ:
Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքի և Նովոկուզնեցկի շրջանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության վարչության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետը դատական նիստում հաստատել է նշված խախտումների առկայությունը և խնդրել է կիրառել պատիժ՝ նոր պացիենտների ընդունման գործունեության կասեցման տեսքով:
«Գ. Պ. Կուրբատովի անվան ՆԿՔՀ թիվ 1» պետական ինքնավար առողջապահական հիմնարկի օրինական ներկայացուցիչը, գործելով լիազորագրի հիման վրա, դատական նիստում ընդունել է իրավաբանական անձի մեղքը` իրեն վերագրվող իրավախախտման կատարման մեջ։
Դատարանը, հաշվի առնելով ներկայացված նյութերը և կողմերի կարծիքը, «Գ. Պ. Կուրբատովի անվան Նովոկուզնեցկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոց» պետական ինքնավար առողջապահական հիմնարկին մեղավոր է ճանաչել՝ ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 6.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար և նշանակել է վարչական տույժ՝ կասեցնելով հիմնարկի թիվ 1 մանկաբարձական ստացիոնարի գործունեությունը։ Հիմնարկն այժմ չի կարող նոր պացիենտներ ընդունել՝ մինչև 90 օր ժամկետով, իսկ շենք կարող են մուտք գործել միայն վերանորոգման և խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների իրականացման համար», - նշել են դատարանում




























