Ազատի կացարանի հրդեհի գործով դատաքննությունը ընթանում է բացառապես այդ առաջադրված մեղադրանքի շրջանակներում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Դուք կհիշեք, որ անընդհատ այս գործի շրջանակներում մշտապես շոշափվել է դիվերսիայի վարկածը, և մենք այդ ուղղությամբ էլ ենք որոշակի աշխատանք կատարել։ Ես անցած տարի այս օրը ձեզ տեղեկացրեցի, որ ես նույնիսկ հատուկ գրություն էի ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք կատարել են համապատասխան ուսումնասիրություններ պարզելու համար, թե արդյոք Եղիշե Հակոբյանը կարող էր այլ երկրների հատուկ ծառայությունների ազդեցության տիրույթում հայտնվել, թե ոչ։
Այս գործով և ես, և ծնողները արել ենք անհնարինը, չի եղել մի բան, որ մենք կարող էինք անել ու չենք արել։ Մենք մի բան չենք արել դեռևս՝ արտաշիրման հետ կապված խնդիրը։ Ծնողները, իրենք բոլոր ուժերով, էս երեք տարիների ընթացքում, այսպես ասեմ, արել են անհնարինը։ Իրենց խիղճը այդ առումով հանգիստ է։
Հենց դրա համար է իրենց վրդովմունքը, որ պետության փոխարեն, իրավապահ մարմինների փոխարեն, ինչու՞ պետք է զոհված զինծառայողի ծնողը այդքան ծանրության մեջ մտնի»,–ասաց Նորիկյանը։
Անդրադառնալով հնարավոր պատիժներին, փաստաբանն ասաց. «Հինգ մեղադրյալների մասով ասեմ, որպեսզի հետագայում էլ ժողովրդի համար շոկային չլինի, եթե Եղիշե Հակոբյանը իրեն առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչվի և ազատազրկման դատապարտվի, առավելագույն պատիժը ութ տարի է։ Իսկ մնացած չորս մեղադրյալների համար նախատեսվող պատիժը ավելի խիստ է, քան Եղիշեինը։ Նրանց համար նախատեսվող պատիժը առավելագույնը 10 տարին է»։
Նշենք, որ 2023–ի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:





























