Թուրքական կողմը վերականգնում է Թուրքիայի կողմից Ալիջանի անցակետը, իսկ հայկական կողմից Մարգարայի անցակետն է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ ձևով կտեղեկացնեմ։ Ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Պայմանավորվածություն կա դեռեւս 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացվի»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ասում էր, որ այս տարեսկզբին խորհրդանշական քայլեր են լինելու, Ռուբինյանն ասաց. «Չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետև ինչ-որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ։
Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղը, և այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել»։




























