Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է. փոքր գազալցակայանները կա՛մ փակ են, կա՛մ այս օրերին վաճառում են իրենց ունեցած վերջին պաշարները`180-190 դրամի փոխարեն 250-300 դրամով։ Լարսի փակ լինելու պատճառով գազալցակայանները հեղուկ գազի նոր խմբաքանակ չեն ստացել։ Շուկայում իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ պատկերացում կազմելու նպատակով NEWS.am–ը կապ հաստատեց հեղուկ գազ ներկրող մի քանի ընկերությունների հետ։

«Գազ պրոպան» ընկերությունից մեզ հայտնեցին, որ մայքաղաքաքում գործող 10 լցակայաններից այս պահին աշխատում է միայն երկուսը։ Գործող լցակայաններում հեղուկ գազը վաճառվում է 250 դրամով։

Անհատ ձեռնարկատերերից մեկն էլ, որ չցանկացավ հրապարակել ո՛չ կազմակերպության, ո՛չ էլ իր անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ հեղուկ գազով բեռնատարները Լարսում են մնացել։ Քանի որ հեղուկ գազի պաշարները սպառնվել են, ստիպված է եղել փակել Գավառում գտնվող իր լցակետը։ Մեր զրուցակցի խոսքով, եթե գազի դեֆիզիտը շարունակվի, երկու օրից էլ հավանաբար գազ չի ունենա նաեւ Երեւանի լցակետում։

Հեղուկ գազ ներկրող ընկերություններից մեկի ղեկավարն էլ՝ Կարեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով, հարյուրավոր բեռնատարներ մնացել են Լարսում։ Հայրապետյանի խոսքով, օրեր առաջ անցկակետը որոշ ժամանակով բացվել էր, ընկերությանը պատկանող բեռնատարն ուղևորվել է Հայաստան ու այս պահի դրությամբ առկա հեղուկ գազը կբավականցնի ևս մեկ շաբաթ աշխատելու համար։

«Նման իրավիճակ երբեք չի եղել։ Պահեստներ ունեցող ընկերությունները միշտ ունեցել են գազ, տնտեսվարողներով մեկս մյուսին օգնել ենք, միշտ ունեցել ենք գազ, աշխատել ենք։ Այս տարվա նման ոչ մի անգամ չի եղել, երկար ժամանակով փակվեց Լարսը։ Բայց կարծում եմ մի երկու օրից կբացվի ճանապարհը»,–ասաց Կարեն Հայրապետյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի մյուս պատճառն էլ այն է, որ այս օրերին տնտեսվարողները չեն կարողանում կապ հաստատել Իրանի իրենց գործընկերների հետ ու այնտեղից հեղում գազ ներկրել՝ հարևան երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ խնդրին տեղյակ են,  նախարարութունը այժմ քննարկում է Ադրբեջանի տարածքով, երկաթուղթով Ռուսատսանի Հայաստան հեղուկ գազ բերելու տարբերակը։

«Հայաստանում այս պահին հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կբերվի Հայաստան։ Խնդիրը լուծելու համար քննարկում է երկաթուղով Ռուսաստանից հեղուկ գազը Հայաստան բերելու տարբերակը»,–ասաց նախարարության մամուլի խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։