5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգի Ցյաոցզյա գավառում։ Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնը (CENC)՝ փոխանցում է «Սինհուա»-ն։
CENC-ի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 27,01 աստիճանի և արևելյան երկայնության 103,41 աստիճանի կոորդինատներում: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ցյաոցզյա գավառի բնակիչները հայտնել են ուժգին ստորգետնյա ցնցումների մասին: Հարևան Լուդյան գավառի Լունտոուշան ավանի իշխանությունները հայտարարել են, որ այնտեղ երկրաշարժը նույնպես ուժգին է զգացվել, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Տների փլուզումներ չեն եղել, ճանապարհները մնում են բաց, իսկ իրավիճակը փողոցներում հանգիստ է:



























