Դուք պատրա՞ստ եք, որ Փաշինյանը որոշի, թե դուք այսօր ինչ պիտի ուտեք կամ ուր գնաք, վստահ եմ, որ ոչ, բայց ինքն արդեն փորձում է մեզ թելադրել՝ ինչ խոսենք, ինչին հավատանք, ինչով հպարտանանք, ում հերոսացնենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 20–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հայաստանում այս պահին կան 50-ից ավել քաղբանտարկյալներ, մարդիկ, որոնք ազատությունից զրկված են, որովհետև Փաշինյանին դուր չի գալիս, թե նրանք ինչ են խոսում, ինչպես են մտածում ու ինչին են հավատում: Բոլոր քաղբանտարկյալները պայքարում են մեզանից յուրաքանչյուրի խոսքի ազատության համար: Իրենք այդ պայքարից ավելի ուժեղ են դուրս գալու, իսկ մենք որպես հասարակությո՞ւն։
Նրանցից մեկը՝ Նարեկ Սամսոնյանը, դիմել է այդ պայքարի ամենածանր միջոցներից մեկին, արդեն 12 օր հացադուլի մեջ է։ Նա պայքարում է ոչ միայն իր ազատության, այլ նաև առողջության հաշվին: Նարեկի և մեր մյուս ընկերների պայքարին անտարբերությամբ պատասխանելը առնվազն անշնորհակալ կլինի»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Մամիջանյանը մաղթել է ազատություն բոլոր քաղբանտարկյալներին՝ նշելով, որ մեր հասարակությունը չպետք է հանդուրժի այս իրավիճակը. «Ինձ գլխարկներ չեն սազում, և ես չեմ պատրաստվում հարվածային գործիքների վրա նվագել սովորել, ոչ էլ պատրաստվում եմ լռել կամ հավատամքս փոխել, համակերպվել։ Պայքարի այլընտրանքը համակերպվելն է, վերանալը։
Կապ չունի, թե քաղբանտարկյալը որ քաղաքական ուժին է սատարում, մեզնից յուրաքանչյուրի պարտքն է իրենց զոհողությանը գոնե անտարբերությամբ չպատասխանել։ Մենք չենք կարող լինել այն հասարակությունը, որը կհանդուրժի դատարանում մահացած Արմեն Գրիգորյանին, կամ Նարեկին, կամ անազատության մեջ գտնվող բարերարին, կամ անազատության մեջ գտնվող սրբազանին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:





























