Հատկապես խոսքս ուղղում եմ աղքատության և ծայրահեղ աղքատության մեջ ապրող կենսաթոշակառուներին և նվազագույն աշխատավարձով աշխատող մեր աղքատ քաղաքացիներին. Այս կառավարության գործունեության հնգամյա շրջանն ավարտվում է, սոցիալական պաշտպանության ոլորտի չափելի երեք խոստումները կատարված չեն, որի հետևանքով կենսաթոշակառուներն ու աշխատող աղքատները ներկայումս ապրում են ավելի վատ, քան ապրում էին 2021 թվականին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20–ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ընդհանուր պատճառը ևս ակնհայտ է: Այս անձանց եկամուտներն աճել են անհամեմատ ավելի քիչ չափով, քան արձանագրված գնաճն է, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը: Կյանքի որակը գնահատելու հիմնական ցուցիչը նվազագույն զամբյուղի ամսական արժեքն է, այսինքն մեկ մարդու գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն ծախսը, և դրա համեմատ այդ մարդկանց եկամուտները, կարճ ասած մարդու եկամուտը բավարար է գոնե գոյատևելու համար թե ոչ։ Այս զամբյուղի արժեքը 2025 թվականի առաջին կիսամյակին 21 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 15000 դրամով, այս նույն ժամանակահատվածում, նվազագույն կենսաթոշակը աճել է 9500 դրամով, միջին կենսաթոշակը՝ 9000 դրամով, նվազագույն աշխատավարձն էլ՝ 7000 դրամով։ Այսինքն կենսաթոշակառուն միջին կենսաթոշակով կարող է ամսվա ընթացքում կատարել ընդամենը իր 18 օրվա նվազագույն ծախսը, իսկ նվազագույն կենսաթոշակով ընդամենը 13 օրվանը։ Ավելի պարզ, միջին կենսաթոշակ ստացողը աղքատ է, իսկ նվազագույն կենսաթոշակ ստացողը՝ ծայրահեղ աղքատ։
Խոստացել էին, որ միջին կենսաթոշակառուն պետք է հաղթահարի աղքատությունը, առնվազն 2026-ին, իսկ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես պետք է վերացնեն մեր երկրում։ Խոստացել էին նաև նվազագույն աշխատավարձը դարձնել 85 000 դրամ։ Դրա չափը հիմա սակայն 75 000 դրամ է, շուրջ 7000 դրամով պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն ամսական ծախսից։
Ի դեպ, 2021 թվականին նվազագույն աշխատավարձը գերազանցում էր այդ շրջանում առկա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Փաստորեն նվազագույն աշխատավարձ ստացողն էլ դարձավ աշխատող աղքատ։
Շուտով նախընտրական փուլ է և բնականաբար այս նույն ուժը գալու է նույն սուտ խոստումներով, որպեսզի ձեր քվեն կորզի, վերարտադրվի և շարունակի կեղեքել հատկապես աղքատ խավին»,– հայտարարեց պատգամավոր։





























