Արդեն մի քանի ամիս է, ինչ փորձում են կարգուկանոն մտցնել մայրաքաղաքի կանգառներում: Ոստիկանական համազգեստով մարդիկ հետեւում են, որպեսզի երթուղային տաքսիներն ու ավտոբուսները կանգառներում կանգնեն:
Որքան էլ տարօրինակ է, կարգուկանոն հաստատելու այս փորձերն առաջացնում են ոչ միայն վարորդների, այլեւ ուղեւորների հակազդեցությունը: Ոմանք դժգոհում են ավելորդ մի քանի րոպե սպասելուց, մյուսներն ասում են, թե կանգառները քաղաքակիրթ ծառայությունների համար չեն նախատեսված: Չնայած դժգոհությանը` կարգուկանոն հաստելու փորձերը շարունակվում են, առայժմ` մայրաքաղաքի կենտրոնում:
Նորարությունները սակայն դեռեւս չեն «մտել» հասարակական տրանսպորոտից ներս: Մաքրությունը, ուղեւորների հետ վարորդների քաղաքակիրթ պահվածքը հաստատ երեւանյան տրանսպորտի համար չեն:
Մի կերպ ընկնելով երթուղայինի սրահ` դուք կարող եք շնորհավորել ինքներդ ձեզ, եթե հաջողվի նստել, կամ նստատեղը կիսել մյուս ուղեւորի հետ: Եթե ոչ մի կերպ նստել չի հաջողվում, ապա ստիպված եք երթեւեկել կանգնած` երկու տակ ծալված վիճակում: Ի դեպ, հատկապես ուշագրավ է «ուղեւորների կանգնած տեղափոխումն արգելվում է» գրությունը:
Վարորդների կողմից անտեսվում է հասարակական տրանսպորտում ծխելու արգելքը, իսկ այդ մասին հիշեցումները կարող են իսկական վեճի վերածվել: Երթուղայինների գերակշիռ մասով երթեւեկելը վտանգ է ներկայացնում ուղեւորների առողջության համար` հաշվի առնելով, որ դրանցում գազի բալոններ են տեղադրված, իսկ ուղեւորները բառացիորեն գտնվում են դրանց վրա` հաճախ շնչելով նաեւ «երկնագույն վառելիքի» «բույրը»: «Իսկ ես հենց նոր եմ լցակայանից գալիս»,-նման դեպքերում բացատրում են վարորդները:
Ընդհանուր առմամբ, երթուղայինի միջին վիճակագրական վարորդն ուղեւորներին դիտարկում է որպես օբյեկտ, որը պետք է վճարի փոխադրման համար, եւ դրանով վարորդի իրավունքներն ու պարտականություններն ավարտվում են: Իհարկե, լինում են նաեւ դրական բացառություններ, սակայն տոկոսային առումով դրանք փոքրամասնություն են կազմում:




























