Վրաստանի Իմերեթի շրջանում ոստիկանները կռվել են Ջրօրհնեքի տոնին նվիրված ճաշկերույթի ժամանակ: Ընդհարման պատճառ են դարձել Միխայիլ Շուֆուտինսկու երգերը, գրում է Грузия Online-ը:
Դեպքը տեղի է ունեցել «Մոտսամետա» ռեստորանում: Ըստ տեղեկությունների, պահպանության ոստիկանության աշխատակիցները երաժիշտներին պատվիրել են նվագել Շուֆուտինսկու այսպես կոչված «գողական» երգերը: Միևնույն ժամանակ, մոտակա սեղանի մոտ գտնվող քրեական ոստիկանության աշխատակիցները պահանջել են փոխել երաժշտությունը, ինչը հանգեցրել է երկու կողմերի միջև ծեծկռտուքի:
Ականատեսները հայտնում են, որ սկզբում միմյանց հայհոյել են և իրար վրա առարկաներ նետել, ապա ընդհարումը վերածվել է ծեծկռտուքի, որը շարունակվել է ռեստորանի բակում:
Ռեստորանից մոտ 30 մետր հեռավորության վրա գտնվող Տկիբուլիի ոստիկանական բաժանմունքը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը:
Միևնույն ժամանակ, դատախազության տվյալներով, Ներքին գործերի նախարարության աշխատակիցը և նրան ուղեկցող անձինք Տկիբուլիի ռեստորանում բառերով և ֆիզիկապես վիրավորել են պահպանության երկու ոստիկանների:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:





























